Այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 20.14-ին, «Ֆիշտ» մարզադաշտում կտրվի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Ռուսաստանի պատմության մեջ այն առաջին ձմեռային օլիմպիական խաղերն են, իսկ աշխարհում` քսաներկուերորդը: Ի դեպ, քսաներկուերորդն էին նաև Մոսկվայի (1980 թ.) ամառային օլիմպիական խաղերը, որն իր տեսակի մեջ Ռուսաստանի համար նույնպես առաջինն էր:
Համաշխարհային մարզական կյանքում առանձնահատուկ համարում ունեցող այս հանդիսությունը կազմակերպելու իրավունքը ձեռք բերելու համար Ռուսաստանի իշխանությունները շատ զոհողությունների, շատ բաների ընդառաջ գնացին, սակայն եկեք չմանրամասնենք, համարելով, որ դրանց տեղն ու ժամանակը չէ: Կարևորն այն էր, որ օլիմպիադա ունենալու իրավունքը Ռուսաստանին տրվեց: Դա եղավ 2007 թ. հուլիսի չորսին, Գվատեմալայում կայացած ՄՕԿ-ի 119-րդ նստաշրջանի ժամանակ, որին ներկա էր անձամբ ինքը` նախագահ Պուտինը:
Սա էլ ընդունենք ի գիտություն և անցնենք առաջ, սակայն մի կարևոր փաստ վկայաբերելով, որին, համենայն դեպս, քչերն են տեղյակ: Ի դեմս աշխարհի քարտեզի վրա այսօր արդեն գոյություն չունեցող Խորհրդային Միության, Ռուսաստանում ձմեռային օլիմպիական խաղեր անցկացնելու որոշումը կայացվել է մեր օրերի բարձրությունից արդեն հեռավոր թվացող 1989 թվականին: Ի թիվս այլ բնակավայրերի թեկնածության, քննարկվել է նաև Սոչի տեղանքի հավանականությունը, և ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա, թեպետ բոլոր առումներով թվում է, թե հենց Սոչին չպիտի լիներ ընտրյալը, որովհետև եղածների մեջ այն ամենամեծ ֆինանսական ծախսեր պահանջողն էր: Բայց արի ու տես, որ հենց նա է ընտրվել օլիմպիական մայրաքաղաք: Եթե սույն փաստը չզարմացրեց Ձեզ, ուրեմն, ամենայն հավանականությամբ, չի զարմացնի և այն, որ ԽՄԿԿ կենտկոմի բյուրոն այդ որոշումը տպել է ընդամենը մեկ օրինակով ու դրել «գերգաղտնի» գրիֆի տակ: Այսքանից հետո մեզ ոչինչ չի մնում, բացի Ձեր իրազեկվածության վրա զարմանալուց հետո առաջ անցնելը:
Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի քսաներեքը ներառյալ (ավարտից հետո նույն այդ մարզասրահներում ու օբյեկտներում կտրվի պարաօլիմպիական խաղերի մեկնարկը): Մասնակից ութսունութ երկրի թվով 2800 մարզիկներ կմրցեն յոթ մարզաձևերի տասնհինգ դիսցիպլինից: Կխաղարկվի իննսունութ կոմպլեկտ մեդալ: Օլիմպիադայի թալիսմաններ են ընտրվել Սպիտակ արջուկը, Բարսիկ ընձառյուծն ու Ստրելկա Նապաստակը:
Հարկավ կարելի է այլ մանրամասներ էլ հիշատակել, սակայն առանձնապես չծանրաբեռնենք ընթերցողին, մանավանդ որ մտադիր ենք հնարավորինս մանրամասն անդրադառնալու խաղերին, իհարկե, թերթի ընձեռած հնարավորությունների սահմաններում, ու բնավ չմտածելով, որ առանձին մարզաձևեր մեր ընթերցողի համար կարող են լինել էկզոտիկ: Այս վախը չունենք, որովհետև, ուշ թե շուտ, դրանք մեզ մոտ էլ իրենց տարածումն ու զարգացումը կգտնեն, մանավանդ որ մեր մարզական չինովնիկները ձմեռային մարզաձևերի յուրացումը սկսել են ձմեռը Ծաղկաձորում հանգստանալու խիստ կարևոր գործից ու, մեկ էլ տեսար, ձնագնդի խաղալուց այն կողմ էլ անցան: Ի՞նչ իմանաս, էս աշխարհում ինչեր չեն պատահում, որ այս մեկն էլ չպատահի: Աշխարհ ասելով, բնականաբար, նկատի ունեմ հայոց աշխարհը:
Ավարտելուց առաջ մի երկու խոսք էլ ասեմ մեր օլիմպիականներից: Հաշվի առնելով մեզանում ձմեռային մարզաձևերի զարգացածության մակարդակը` լավ էլ ներկայացուցչական թիմ ենք գործուղում Սոչի. ամբողջ չորս հոգի` նկատի ունեմ մարզիկների թիվը: Բնականաբար, մեր ընտրանու հարվածային ուժը աշոցքցի քսաներկուամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանն է, ով հանդես կգա չորս մրցաձևում` սկիաթլոն (15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկաոճ), 15 կմ դասական ոճ, արագավազք, 50 կմ ազատ ոճ: Մեր մյուս մասնակիցները դահուկորդ, աշոցքցի Արթուր Եղոյանը (սկիաթլոն, 15 կմ դասական ոճ, արագավազք), դահուկորդուհի, գյումրեցի Կատյա Գալստյանը (10 կմ դասական ոճ) և լեռնադահուկորդ, ամերիկաբնակ Արման Սերեբրյակյանն են (ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք): Ինչպես տեսնում եք, մեր մարզիկների ներկայացրած աշխարհագրությունը չափազանց մեծ է` սկսում ենք Շիրակ աշխարհից, շարունակում ենք Շիրակ աշխարհով ու վերջացնում Ամերիկայով: Նման «թափ» ու հատկապես «ընդգրկունություն» եթե մեկ այլ երկրի պարագայում տեսնեք, կփոխեմ քաղաքացիությունս:
Մեկ այլ դիտարկում էլ ու վերջ:
Ճիշտ է, մասնակիցների թիվը մեկը մեկին համընկնում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի լեյտենանտի հնչեցրած մեղադրյալ հովիվների թվին` «էս քեզ չորս», բայց սա սոսկական համընկնում է, ուստի չգնանք ենթադրյալ համընկնումների ու դրանցից բխող հիմնազուրկ ճանապարհով: Բացի այդ, մեր հերոսներին սպասողը օլիմպիական Սոչին է, և ոչ թե, մեղա-մեղա, ուղղիչ աշխատանքային գաղութը: Համ էլ նրանց արածի մեջ, բացի հպարտանալուց, ուրիշ բան չկա: Ինչ վերաբերում է ուղղիչ աշխատանքային գաղութին, թող այն թախծի նրանց համար, ովքեր հանրապետության մարզական կյանքում (շրջանակը չլայնացնենք, թեպետ դրա բոլոր հիմքերն ունենք) ստեղծել են այս վիճակը: Բայց սա էլ մեկ այլ զրույցի թեմա է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ